Լաբ թեստեր

Մեզում կետոններ

UKB

Միջազգային անվանում (հապավում). Urine Ketone Body (UKB)

Նկարագրություն

Մեզում կետոնային մարմինները հանդիսանում են դեկոմպենսացված շաքարային դիաբետի կարևոր լաբորատոր ցուցանիշներից մեկը:

Կետոնային մարմինները (ացետոն, ացետոքացախաթթու, բետա-օքսիկարագաթթու և այլն) առաջանում են ճարպաթթուների ուժեղացած քայքայման արդյունքում: Դրանք մեզում ի հայտ են գալիս շաքարային դիաբետի մետաբոլիկ դեկոմպենսացիայի փուլում:

Ինսուլինակախյալ պատանեական դիաբետը հաճախ առաջին անգամ ախտորոշվում է հենց մեզում կետոնային մարմինների հայտնաբերմամբ:

Դիաբետի ոչ համարժեք ինսուլինաբուժման պայմաններում կետոացիդոզը հարաճուն զարգանում է, և արդյունքում զարգացող հիպերգլիկեմիան և հիպերօսմոլյարությունը առաջացնում են ջրազրկում, իոնային փոխանակության խանգարումներ և կետոացիդոզ: Այսպիսի փոփոխություններն ի վերջո առաջացնում են կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարում, գիտակցության կորուստ և կոմա:

Ցուցումներ

  • միզատար ուղիների հիվանդություններ
  • սքրինինգ` կանխարգելիչ հետազոտությունների համատեքստում
  • տարաբնույթ հիվանդությունների ընթացքի և բարդությունների գնահատում
  • հիվանդությունների բուժման արդյունավետության գնահատում

Կենսանմուշ

UKB թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ առավոտյան 1-ին մեզ, երկրորդ չափաբաժին։

Կենսանմուշի հանձնում

Մեզի ընդհանուր հետազոտության համար անհրաժեշտ է միանվագ օգտագործման տարայում հավաքել առավոտյան մեզի միջին բաժինները:

Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը:

Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր

մմոլ/լ (միլիմոլ/լիտր)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Բացակայում է՝ մինչև 1 մմոլ/լ

Այլընտրանքային միջակայքեր

  • < 0,5՝ բացասական
  • 0,5 - 0,9՝ հետքեր
  • > 0,9՝ դրական

Արդյունքների մեկնաբանություն

Մեզում կետոնային մարմինների առկայություն (կետոնուրիա)

  • դիաբետ (դեկոմպենսացված՝ դիաբետիկ կետոացիդոզ)
  • պրեկոմատոզ վիճակներ, գլխուղեղային (հիպերգլիկեմիկ) կոմա
  • երկարատև սովահարություն (սննդից լիարժեք հրաժարում կամ քաշի նվազեցմանն ուղղված սննդակարգ)
  • ծանր տենդ
  • ֆիզիկական գերծանրաբեռնվածություն
  • սթրես
  • ալկոհոլային ինտոքսիկացիա
  • հիպերինսուլինիզմ
  • հիպերկատեխոլամինեմիա
  • իզոպրոպրանոլոլով թունավորում
  • էկլամպսիա
  • I, II, IV տիպերի գլիկոգենոզներ
  • սննդակարգում ածխաջրատների անբավարարություն

Հոդվածը տեղադրվել է՝ 15-04-2018 վերանայվել է՝ 22-02-2024

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: