Լաբ թեստեր

Մեզում սպիտակուց

UP

Միջազգային անվանում (հապավում). Urine Protein (UP)

Նկարագրություն

Մեզում սպիտակուցի առկայությունը կամ պրոտեինուրիան երիկամային հիվանդությունների ախտորոշման ամենակարևոր լաբորատոր ցուցանիշներից մեկն է:

Բժիկները տարբերում են պրոտեինուրիայի երկու տեսակ՝ ֆիզիոլոգիական և ախտաբանական:

Ֆիզիոլոգիական պրոտեինուրիա

Ֆիզիոլոգիական պրոտեինուրիան առողջ մարդկանց մեզում սպիտակուցի ոչ մեծ քանակների հայտնվելն է հանգիստ վիճակում՝ մինչև 0,080 գ/օր և ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո (օրինակ՝ «քայլքային պրոտեինուրիա»)՝ մինչև 0,250 գ/օր:

Առողջ մարդկանց մեզում սպիտակուց կարող է հայտնաբերվել նաև ծանր հուզական ապրումներից հետո և ցրտահարվելիս:

Դեռահասների մոտ կարող է հայտնաբերվել նաև օրթոստատիկ պրոտինուրիա՝ մեզում սպիտակուցի առկայություն մարմնի ուղղահայաց դիրքում:

Երիկամային (ախտաբանական) պրոտեինուրիա

Նորմայում երիկամների կծիկների թաղանթով սպիտակուցների մեծ մասը չի զտվում, որը բացատրվում է մոլեկուլների մեծ չափսերով, ինչպես նաև կառուցվածքով և լիցքավորված լինելով: Երիկամների կծիկների նվազագույն վնասման դեպքում նախ և առաջ մեզով սկսում են հեռանալ ցածրմոլեկուլյար սպիտակուցները (ալբումին), ուստի մեզով սպիտակուցների մեծ կորստի դեպքում կարող է զարգանալ հիպոալբումինեմիա: Ավելի արտահայտված ախտահարումների ժամանակ մեզում հայտնվում են նաև բարձրմոլեկուլյար սպիտակուցներ:

Երիկամների խողովակների էպիթելը ֆիզիոլոգիապես արտադրում է սպիտակուցների որոշ քանակներ (Տիմ-Հորսֆալի սպիտակուց): Սպիտակուցները մեզում կարող են հայտնվել նաև միզուղիներից (միզածորաններ, միզապարկ, միզուկ). այս սպիտակուցների քանակը կարող է կտրուկ աճել միզուղիների վարակների, բորբոքման կամ ուռուցքների ժամանակ:

Պրոտեինուրիան՝ մեզում մեծ քանակներով սպիտակուցների հայտնվելը, կարող է լինել՝

  • նախաերիկամային (պրեռենալ), որը կապված է հյուսվածների ուժեղացած քայքայման կամ արյան պլազմայում ախտաբանական սպիտակուցների հայտնվելու հետ
  • հետերիկամային (պոստռենալ), որը պայմանավորված է միզուղիների հիվանդություններով:

Մեզում սպիտակուցի հայտնվելը հաճախ կապված է բուն երիկամների ախտաբանական վնասման հետ և հանդիսանում է վերջինիս ոչ սպեցիֆիկ ցուցանիշ: Երիկամային պրոտեինուրիայի ժամանակ սպիտակուցն առկա է ինչպես առավոտյան, այնպես էլ գիշերային մեզում:

Պատճառագիտորեն երիկամային պրոտեինուրիան լինում է կծիկային և խողովակիկային:

  • Կծիկային պրոտեինուրիան պայմանավորված է երիկամների կծիկների թաղանթների պատնեշային ֆունկցիայի ախտաբանական խանգարման հետ: Զանգվածային պրոտեինուրիան (> 3 գ/լ) գրեթե միշտ ունի կծիկային ծագում:
  • Խողովակիկային պրոտեինուրիան մոտակա խողովակիկների կողմից սպիտակուցների հետներծծման (ռեաբսորբցիա) խանգարման արդյունք է:

Ցուցումներ

  • միզատար ուղիների հիվանդություններ
  • սքրինինգ` կանխարգելիչ հետազոտությունների համատեքստում
  • տարաբնույթ հիվանդությունների ընթացքի և բարդությունների գնահատում
  • հիվանդությունների բուժման արդյունավետության գնահատում

Կենսանմուշ

UP թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ առավոտյան 1-ին մեզ, երկրորդ չափաբաժին։

Կենսանմուշի հանձնում

Մեզի ընդհանուր հետազոտության համար անհրաժեշտ է միանվագ օգտագործման տարայում հավաքել առավոտյան մեզի միջին չափաբաժինները:

Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը:

Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր

գ/լ (գրամ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)

Միավորների փոխակերպում

գ/լ x 100 = մգ/դլ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Բացասական՝ < 25 գ/լ

Արդյունքների մեկնաբանություն

Մեզում սպիտակուցների առկայություն (պրոտեինուրիա)

  • նեֆրոտիկ համախտանիշ
  • դիաբետիկ նեֆրոպաթիա
  • գլոմերուլոնեֆրիտ
  • նեֆրոսկլերոզ
  • երիկամային խողովակիկներում աբսորբցիայի խանգարում (Ֆալկոնիի համախտանիշ, ծանր մետաղներով թունավորում, սարկոիդոզ, մանգաղաբջջային հիվանդություն)
  • միելոմային հիվանդություն (մեզում Բենս-Ջոնսի սպիտակուց) և այլ պարապրոտեինեմիաներ
  • երիկամային արյան շրջանառության խանգարում սրտային անբավարարության, տենդի ժամանակ
  • միզուղիների չարորակ ուռուցքներ
  • միզապարկի բորբոքում (ցիստիտ), միզուկաբորբ (ուրեթրիտ) և այլ միզուղիների վարակներ

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 03-12-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: