Skip to main content

Միզաթթու - Սուբստրատներ

Միջազգային անվանում (հապավում). Uric acid (UA)

Նկարագրություն

Միզաթթուն (UA) նուկլեոտիդների կազմության մեջ մտնող պուրինային հիմքերի նյութափոխանակության վերջնական արդյունքն է, որը օրգանիզմից հեռացնում է մնացորդային ազոտը:

Արյան պլազմայում միզաթթուն հայտնաբերվում է գլխավորապես նատրիումական աղերի տեսքով: Արյան մեջ միզաթթվի մակարդակը կախված է արտադրության և երիկամներով արտազատման գործընթացների հավասարակշռությունից:

Առողջ մարդկանց մոտ միզաթթվի մակարդակը կարող է մի փոքր բարձրանալ սննդում պուրինների մեծ քանակության և նվազել՝ ցածրպուրինային սննդակարգի դեպքում: Պուրիններով հարուստ սննդամթերքներից են կարմիր միսը, լյարդը, երիկամները, ուղեղը, լեզուն, ոլոռազգիները:

Տղամարդկանց մոտ միզաթթվի մակարդակը մի փոքր ավելի բարձր է, քան մինչծննդաբերական տարիքի կանանց մոտ: 60 տարեկանից անց միջսեռային տարբերությունները հարթվում են: Երեխաների մոտ, ընդհակառակը, միզաթթվի պարունակությունը ավելի ցածր է:

Պուրինային փոխանակության խանգարումը, օրինակ՝ պոդագրայի ժամանակ, առաջացնում է արյան մեջ միզաթթվի մակարդակի բարձրացում (hիպերուրիկեմիա), որն իր հերթին հանգեցնում է տարբեր օրգան-համակարգերի վնասման՝ միզաթթվային աղերի բյուրեղների կուտակման պատճառով: Միզաթթվի նորմալ արտադրության դեպքում արյան մեջ վերջինիս մակարդակի բարձրացում կարող է դիտվել նաև երիկամային գործառույթի նվազման, հետևաբար՝ մեզով միզաթթվի հեռացման խանգարման պատճառով:

Միզաթթվի մակարդակի բարձրացում գրանցվում է նաև ԴՆԹ-բջիջների ինտենսիվացած քայքայման արդյունքում՝ ցիտոստատիկ և այլ դեղերի ազդեցությամբ, հյուսվածքների տարածուն վնասումների և ուռուցքների դեպքում: Հիպերուրիկեմիան և մեզով միզանյութի խթանված արտազատումը կապված է միզաքարային հիվանդության, աթերոսկլերոզի, սրտի իշեմիկ հիվանդության և այլ վիճակների հետ:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • պոդագրա (հոդատապ)
  • երիկամի քարեր
  • երիկամային հիվանդության ժամանակ երիկամային գործառույթի գնահատում
  • լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններ

Կենսանմուշ

UA թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն, մեզ։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամը 08:00 - 11:00 սահմաններում, քաղցած վիճակում: Խորհուրդ է տրվում հետազոտվել սննդի վերջին ընդունումից ոչ շուտ, քան 8 ժամ և ոչ ուշ, քան 14 ժամ հետո, այս ընթացքում ընդունելով միայն ջուր: Թեստի նախորդ օրը նաև խորհուրդ է տրվում զերծ մնալ սննդային և ֆիզիկական բեռնվածությունից:

Թեստից մի քանի օր առաջ անհրաժեշտ է զերծ մնալ ցածրպուրինային սննդակարգից, խուսափել ալկոհոլի օգտագործումից: Հակառակ դեպքում պետք է այդ մասին տեղեկացնել բուժող բժշկին:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

մկմոլ/լ (միկրոմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)

Միավորների փոխակերպում

մգ/դլ х 59,5 = մկմոլ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Միզաթթվի մակարդակն արյան շիճուկում

  • Տղամարդիկ՝ (202,3‑416,5) մկմոլ/լ
  • Կանայք՝ (142,8‑339,2) մկմոլ/լ

Միզաթթվի մակարդակը միանգամյա մեզում

  • (2200-5475) մկմոլ/լ

Արդյունքների մեկնաբանություն

UA-ի մակարդակի բարձրացում (հիպերուրիկեմիա)

  • պոդագրա (հոդատապ)
  • Լեշ-Նիհանի համախտանիշ (ժառանգական բնույթի ֆերմենտային դեֆիցիտ)
  • լեյկոզներ, միելոմային հիվանդություն, լիմֆոմա
  • երիկամային անբավարարություն
  • հղիության տոքսիկոզ
  • երկարատև սովահարություն
  • ալկոհոլի չարաշահում
  • սալիցիլատների, միզամուղների, ցիտոստատիկների ընդունում
  • ֆիզիոլոգիական բարձրացում ֆիզիկական ծանրաբեռնվածության, պուրինային հիմքերով հարուստ սննդակարգի դեպքում
  • իդիոպաթիկ ընտանեկան հիպերուրիկեմիա
  • ուռուցքային հիվանդությունների ժամանակ կատաբոլիկ պրոցեսների ակտիվացում
  • պերնիցիոզ (B12-դեֆիցիտային) անեմիա

UA-ի մակարդակի նվազեցում (հիպոուրիկեմիա)

  • Կոնովալով-Վիլսոնի հիվանդություն (հեպատոցերեբրալ դիստրոֆիա)
  • Ֆանկոնիի համախտանիշ
  • Ալլոպուրինոլի, ռենտգեն-կոնտրաստ նյութերի, գլյուկոկորտիկոիդների, Ազաթիոպրինի ընդունում
  • քսանտինուրիա
  • Խոջկինի հիվանդություն
  • երիկամների պրոքսիմալ խողովակիկների դեֆեկտներ
  • պուրիններից աղքատ սննդակարգ

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 12-06-2023