Skip to main content

Դեպրեսիայի բացասական ազդեցությունը մարդկանց վրա կարող է տարբերվել՝ կախված տարիքից, սեռից, անձի տեսակից և մշակութային միջավայրից։​

Թեև դեպրեսիա կարող է առաջանալ ձեր կյանքի ընթացքում միայն մեկ անգամ, մարդիկ սովորաբար ունենում են բազմաթի դրվագներ: Այս դրվագների ընթացքում ախտանշաններն առաջանում են օրերի մեծ մասը, գրեթե ամեն օր և կարող են ներառել հետևյալը՝

  • տխրության, լաց, դատարկության կամ հուսահատության զգացում
  • զայրույթի պոռթկումներ, դյուրագրգռություն կամ հիասթափություն, նույնիսկ փոքր հարցերի շուրջ
  • հետաքրքրության կամ հաճույքի կորուստ նորմալ գործողությունների մեծ մասի կամ բոլորի նկատմամբ, ինչպիսիք են սեռական հարաբերությունները, հոբբիները կամ սպորտը (անհեդոնիա)
  • քնի խանգարումներ, ներառյալ անքնությունը կամ չափից շատ քունը
  • հոգնածություն և էներգիայի պակաս, երբ նույնիսկ փոքր գործերը լրացուցիչ ջանք են պահանջում
  • նվազած ախորժակ և քաշի կորուստ կամ սննդի և քաշի ավելացման հակում
  • անհանգստություն, գրգռվածություն կամ տագնապի զգացում
  • դանդաղած մտածողություն, խոսք կամ մարմնի շարժումներ
  • անարժեքության կամ մեղքի զգացում, անցյալի անհաջողությունների վրա կենտրոնացում կամ ինքնամեղադրում
  • մտածելու, կենտրոնանալու, որոշումներ կայացնելու և իրերը հիշելու դժվարություններ
  • մահվան հաճախակի կամ կրկնվող մտքեր, ինքնասպանության (սուիցիդալ) մտքեր, ինքնասպանության փորձեր կամ ինքնասպանություն
  • անբացատրելի ֆիզիկական խնդիրներ, ինչպիսիք են մեջքի ցավը կամ գլխացավը

Որոշ մարդիկ կարող են դժվարությամբ նկարագրել բուն դեպրեսիայի զգացումները՝ դրա փոխարեն կենտրոնանալով ֆիզիկական ախտանիշների վրա։

Դեպրեսիայով տառապող շատ մարդկանց մոտ ախտանիշները սովորաբար բավականաչափ ծանր են և առաջացնում են նկատելի խնդիրներ առօրյա գործունեության մեջ, ինչպիսիք են աշխատանքը, դպրոցը, սոցիալական գործունեությունը կամ ուրիշների հետ փոխհարաբերությունները: Որոշ մարդիկ կարող են իրենց թշվառ կամ դժբախտ զգալ՝ իրականում չիմանալով, թե ինչու:

Դեպրեսիայի ախտանիշները երեխաների և դեռահասների մոտ

Երեխաների և դեռահասների մոտ դեպրեսիայի ընդհանուր գանգատներն ու ախտանիշները նման են չափահասների նշաններին, սակայն կարող են լինել որոշ տարբերություններ:

  • Ավելի փոքր երեխաների մոտ դեպրեսիայի ախտանիշները կարող են ներառել տխրություն, դյուրագրգռություն, կպչունություն, անհանգստություն, անբացատրելի և այլ ցավեր, դպրոց գնալուց հրաժարվելը կամ թերքաշ լինելը:
  • Դեռահասների մոտ ախտանիշները կարող են ներառել տխրություն, դյուրագրգռություն, բացասական և անարժեք զգալը, զայրույթ, վատ առաջադիմություն կամ դպրոց հաճախումներից բացակայում, չհասկացված և չափազանց զգայուն զգալը, ժամանցային թմրամիջոցների կամ ալկոհոլի փորձարկում, շատ ուտելը կամ քնելը, ինքնավնասումը, առօրյա գործերի նկատմամբ հետաքրքրության կորուստ և սոցիալական շփումներից խուսափում:

Իմացե՛ք ավելին երեխաների և դեռահասների մոտ դեպրեսիայի դրսևորման մասին:

Դեպրեսիայի ախտանիշները մեծ տարիքով չափահասների մոտ

Դեպրեսիան ծերանալու սովորական մաս չէ, և երբեք չի կարելի է անլուրջ վերաբերվել դրան: Ցավոք, տարիքով մարդկանց մոտ դեպրեսիան հաճախ չի ախտորոշվում և չի բուժվում, և նրանք կարող են չցանկանալ օգնություն փնտրել: Տարիքով մարդկանց մոտ դեպրեսիայի ախտանիշները կարող են տարբերվել կամ պակաս ակնհայտ լինել: Դրանցից են՝

  • հիշողության դժվարություններ կամ անձի փոփոխություններ
  • ֆիզիկական ցավեր
  • հոգնածություն, ախորժակի կորուստ կամ քնի հետ կապված խնդիրներ
  • հաճախ ցանկանում են տանը մնալ, այլ ոչ թե դուրս գալ շփվելու կամ նոր բաներ անելու
  • ինքնասպանության մտքեր կամ զգացմունքներ, հատկապես տարեց տղամարդկանց մոտ:

Իմացե՛ք ավելին մեծ տարիքով մարդկանց մոտ դեպրեսիայի դրսևորման մասին:

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե զգում եք ընկճվածություն, որքան հնարավոր է շուտ պայմանավորվեք այց ձեր բժշկի կամ հոգեկան առողջության մասնագետի մոտ: Եթե չեք ցանկանում բուժում փնտրել, խոսեք ընկերոջ կամ սիրելիի հետ, որևէ առողջապահական մասնագետի, հավատքի առաջնորդի կամ մեկ ուրիշի հետ, ում վստահում եք:

Եթե կարծում եք, որ կարող եք վնասել ինքներդ ձեզ կամ ինքնասպանության փորձ կատարել կամ ունեք նման իրավիճակում հայտնված հարազատ, ընկեր կամ սիրելի, անմիջապես զանգահարեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, կամ, ըստ իրավիճակի, դիմեք ոստիկանների կամ արտակարգ իրավիճակների աշխատակիցների օգնությանը:

Հոդվածը հրապարակվել է՝ 09-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024