Skip to main content

Լիստերիոզ - Առողջ հղիություն

Լիստերիան բակտերիայի մի տեսակ է, որը կարող է հայտնաբերվել որոշ սննդամթերքներում և հղի կանանց մոտ առաջացնել վիժում կամ նորածին երեխայի վարակում:

Հղի կանայք կարող են կրճատել լիտերիայով վարակվելու ռիսկը, եթե սնունդ ընդունելիս լինեն ավելի զգույշ և բծախնդիր:

Ի՞նչ է լիստերիան

Լիստերիան բակտերիա է (Listeria monocytogenes), որը լայնորեն տարածված է շրջակա միջավայրում և կարող է հանդիպել բազմաթիվ ընտանի կենդանիների և կատուների շրջանում: Դուք կարող եք վարակվել լիստերիայով, եթե օգտագործեք բակտերիայով վարակված որևէ սննդամթերք: Որոշ մթերքներ ավելի «ռիսկային» են, քան մյուսները, իսկ ամենառիսկայինը հում վիճակում օգտագործվող կամ ոչ լրիվ ջերմային մշակման ենթարկվածներն են:

Լիստերիոզը լիստերիա բակտերայով հարուցված հիվանդությունն է: Այն հազվադեպ հանդիպող, սակայն հնարավոր ծանր վարակ է, հատկապես՝ ձեր պտղի կամ նորածնի համար:

Իմացե՛ք ավելին լիստերիոզի մասին:

Լիստերիոզի ախտանիշները

Լիստերիայով վարակված բազմաթիվ մարդիկ մնում են առողջ: Որոշ մարդիկ որևէ գանգատ չեն ներկայացնում, մինչդեռ մյուսները կարող են ունենալ փսխում և փորլուծություն, որն առանց որևէ բուժման կարող է ինքնուրույն անհետանալ:

Սակայն լիստերիան կարող է մարսողական խողովակից անցնել օրգանիզմի այլ շրջաններ, օրինակ՝ ընկերք (պլացենտա) և գլխուղեղ: Լիստերիոզի այսպիսի զարգացումն ունի երկարատև գաղտնի շրջան, երբ գանգատներն ի հայտ են գալիս վարակվելուց շաբաթներ և նույնիսկ ամիսներ անց:

Ախտանիշները կարող են լինել մեղմ և ներառել՝

  • մարմնի ջերմաստիճանի մեղմ բարձրացում
  • մկանային և հոդային ցավեր
  • գլխացավեր
  • ընդհանուր թուլություն
  • փորլուծություն
  • սրտխառնոց և (կամ) փսխում
  • հազ և ընդհանուր մրսածությանը բնորոշ նշաններ:

Հազվադեպ, լիստերիան կարող է առաջացնել ծանր կամ կյանքին սպառնացող սեպտիցեմիա, մենինգիտ (ուղեղաթաղանթների բորբոքում) կամ էնցեֆալիտ (գլխուղեղի բորբոքում): Այս ծանր վիճակների ախտանիշներից են՝

  • բարձր աստիճանի ջերմություն
  • պարանոցային կարկամություն (լարվածություն)
  • սաստիկ գլխացավեր
  • քնկոտություն և շփոթվածություն
  • ցնցումներ:

Լիստերիոզը հղիների և նորածին երեխաների մոտ

Լիստերիոզն առավել վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ կարող է առաջացնել վիժում, մեռելածնություն կամ վաղաժամ ծննդաբերություն:

Հղի մորից վարակված նորածին երեխաները կարող են հիվանդանալ ծանր մենինգիտով, սեպսիսով կամ այլ վարակներով:

Որևէ տվյալ չկա այն մասին, թե արդյոք կարող է լիստերիան կրծքի կաթով մորից անցնել երեխային:

Լիստերիոզի ախտորոշումը և բուժումը

Եթե կարծում եք, որ կարող եք վարակված լինել լիստերիայով, այցելեք ձեր բժշկին: Նման կասկած կարող է հարուցվել այն դեպքերում, երբ՝

  • դուք կերել եք որևէ սնունդ, որը հետ է կանչվել կամ ճանաչվել է որպես լիստերիայով վարակված
  • դուք ունեք լիստերիոզին բնորոշ ախտանիշներից մեկնումեկը:

Ձեզ հետ զրուցելուց հետո բժիշկը հավանաբար կնշանակի արյան թեստ: Լիստերիան հաստատվում է լաբորատոր հետազոտությամբ և բուժվում հակաբիոտիկներով: Վաղ բուժումը կարող է կարող է կանխարգելել պտղի վարակումը:

Լիստերիոզի կանխարգելումը

Լիստերիայով վարակվելը կանխելու լավագույն տարբերակը բարձր ռիսկային սննդամթերքներից հրաժարվելն է, ինչպես նաև ընդհանուր հիգիենայի կանոններին հետևելը, հատկապես հում մթերքների հետ խոհանոցում կամ այլ տեղեր առնչվելիս:

Լիստերիա բակտերիաներ պարունակելու առումով ավելի ռիսկային են համարվում հետևյալ սննդամթերքները՝

  • պատրաստի մթերքներ, որոնք սովորաբար տրվում են սալաթ-բարերում, սենդվիչ-բարերում կամ ճաշարաններում
  • պատրաստի մսային արտադրատեսակներ
  • փափուկ կամ կիսափափուկ պանիրներ
  • չլվացած հում բանջարեղեններ
  • հալված պաղպաղակ
  • հում ծովամթերք կամ կակղամորթներ
  • ոչ պաստերիզացված կաթնամթերք, օրինակ՝ հում կաթ
  • սառը, պահածոյացված կամ պատրաստի միս
  • պատշետ:

Իմացե՛ք ավելին այն մթերքների մասին, որոնք խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ընթացքում:

Ահա որոշ հմտություններ այն մասին, թե ինչպես անվտանգ առնչվել սննդամթերքների հետ և նվազեցնել ձեր վարակվելու ռիսկը:

  • Ջերմային մշակում պահանջող կերակրատեսակները եփեք լիարժեք և օգտագործեք միայն թարմ վիճակում:
  • Հում մրգերն ու բանջարեղեն ուտելուց առաջ լավ լվացեք:
  • Խոհանոցային կաթսաները և սպասքը լվացեք լիարժեք:
  • Չեփված մթերքների հետ գործ ունենալուց հետո լավ լվացեք բոլոր դանակները, խոհանոցային տախտակներն ու մյուս պարագաները:
  • Հում մթերքը պահեք սառնարանի ստորին հարկերում:
  • Պարբերաբար ստուգեք սառնարանի ջերմաստիճանը:
  • Ճաշից հետո մնացած մթերքն անմիջապես տեղափոխեք սառնարան և պահեք այնտեղ ոչ ավելի, քան 24 ժամ:
  • Սառնարանում պահվող ճաշերն ուտելուց առաջ բավարար տաքացրեք (կամ ավելի լավ է՝ եռացրեք):
  • Սառեցված միսն ապասառեցրեք սառնարանում:
  • Սառնարանում կամ կերակուր պատրաստելիս հում միսն առանձնացերք բանջարեղեններից, պատրաստի կերակուրներից և ուտեստեղենից:

Դուք պետք է նաև՝

  • ուշադրություն դարձնեք փաթեթավորված կամ տուփով վաճառվող սննդամթերքների պիտանելիության ժամկետներին
  • մշտապես լվանաք ձեռքերը խոհանոցային գործեր անելուց առաջ և հետո, զուգարանից օգտվելուց առաջ և հետո, ինչպես նաև կենդանիներին հպվելեւց հետո
  • տնային կենդանիներին պահեք խոհանոցից հեռու, խուսափեք դրանք արտաթորանքներին հպվելուց
  • հողի հետ կապված աշխատանքներ կատարելիս այգեգործական ձեռնոցի տակից հագնեք ռետինե (լատեքսային) ձեռնոց:

Հոդվածը հրապարակվել է՝ 28-04-2020
Վերջին վերանայում՝ 13-04-2024