Skip to main content

Մեզում ուրոբիլինոգեն - Մեզի ընդհանուր քննություն

Միջազգային անվանում (հապավում). Urine Urobilirubinogen (UU)

Նկարագրություն

Մեզում ուրոբիլինոգենի առկայությունը արյան էրիթրոցիտների ուժեղացած քայքայման և հեմոլիզի անուղղակի ցուցանիշ է:

Ուրոբիլինոգենը և ստերկոբիլինոգենը առաջանում են աղիներում՝ լեղում պարունակվող բիլիռուբինի քայքայման արդյունքում: Ուրոբիլինոգենը ռեաբսորբցվում է հաստ աղիներում և պորտալ երակային համակարգով երկրորդ անգամ հայտնվում լյարդում: Այս ֆրակցիայի փոքր մասը հայտնվում է նաև ծայրամասային արյան մեջ և օրգանիզմից հեռանում մեզով: Նորմայում առողջ մարդու մեզը պարունակում է ուրոբիլինոգենի միայն հետքային քանակություններ (օրական ոչ ավելի, քան 10 մկմոլ (6 մգ)): Մեզի կանգի դեպքում ուրոբիլինոգենը վերածվում է ուրոբիլինի:

Ուրոբիլինոգենի քանակությունը մեզում շատանում է բոլոր այն դեպքերում, երբ առկա է ուրոբիլինոգենի առաջացման տեմպերի ուժգնացում: Նման իրավիճակների պատճառ կարող է դառնալ էրիթրոցիտների արագացած քայքայումը, որի ժամանակ առաջացող հեմոգլոբինից սինթեզվում է բիլիռուբինի, իսկ այնուհետև՝ ուրոբիլինոգենի ավելցուկային քանակներ:

Մեզում ուրոբիլինը կարող է ի հայտ գալ հետևյալ դեպքերում՝ մալարիա, անեմիաներ, հեմոլիտիկ դեղնուկ, տարածուն արյունազեղումներ, կրուպոզ թոքաբորբ, Վերլհոֆի հիվանդություն և հեմոռագիկ դիաթեզի այլ տեսակներ:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • միզատար ուղիների հիվանդություններ
  • սքրինինգ` կանխարգելիչ հետազոտությունների համատեքստում
  • տարաբնույթ հիվանդությունների ընթացքի և բարդությունների գնահատում
  • հիվանդությունների բուժման արդյունավետության գնահատում

Կենսանմուշ

UU թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ առավոտյան 1-ին մեզ, երկրորդ չափաբաժին։

Կենսանմուշի հանձնում

Մեզի ընդհանուր հետազոտության համար անհրաժեշտ է միանվագ օգտագործման տարայում հավաքել առավոտյան մեզի միջին պորցիաները:

Մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել այնպիսի մրգեր կամ բանջարեղեններ, որոնք կարող են գունավորել մեզը:

Նույն կերպ, մեզը հանձնելու նախորդ օրը խորհուրդ չի տրվում ընդունել միզամուղներ: Նման դեպքերում անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ մեկ օրով միզամուղի ընդունումը դադարեցնելու նպատակահարմարության մասին:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր

մկմոլ/լ (միկրոմոլ/լիտր)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Բացասական՝ մինչև 17 մկմոլ/լ

Արդյունքների մեկնաբանություն

Մեզում ուրոբիլինոգենի առկայություն (ուրոբիլինոգենուրիա)

  • հեմոգլոբինի ուժեղացած կատաբոլիզմ՝ հեմոլիտիկ անեմիա, ներանոթային հեմոլիզ (ոչ համապատասխան արյան փոխներարկում, վարակներ, սեպսիս), պերնիցիոզ անեմիա, պոլիցիտեմիա, զանգվածային հեմատոմաների ներծծում
  • ստամոքսաղիքային ուղիում ուրոբիլինոգենի ուժեղացած առաջացում՝ էնտերոկոլիտ, իլեիտ, աղիների խցանում, ուրոբլինոգենի առաջացման և ռեաբսորբցիայի ուժեղացում բիլիար համակարգի վարակների ժամանակ (խոլանգիտներ)
  • ուրոբիլինոգենի շատացում լյարդի գործունեության խանգարման, վիրուսային հեպատիտի դեպքում (ծանր ձևերից բացի)
  • քրոնիկ հեպատիտ և լյարդի ցիռոզ
  • լյարդի տոքսիկ ախտահարում՝ ալկոհոլային, օրգանական միացություններով, վարակների ժամանակ տոքսիններով, սեպսիսի դեպքում
  • ուրոբիլինոգենի շատացում լյարդի շունտավորման ժամանակ՝ պորտալ հիպերտենզիայով լյարդի ցիռոզ, լյարդային երակների թրոմբոզ, խցանում

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 01-06-2023